Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում
ՔաղաքականությունՄայիսի 11-ին կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 21-րդ համաժողովը, որին մասնակցել են ինչպես Միության անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը համագումարի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է միության ռազմավարական և գործառնական զեկույցները։ Այնուհետև աշխատանքային խմբերի ղեկավարներն ամփոփեցին միության ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները (կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն, էլեկտրոնային կառավարում)։
«Ավելի քան 20 տարի ԱՏՁՄ-ն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի խորհրդանիշը, թիկունքը և աջակիցն է։ Միության այս տարվա կարևոր ռազմավարական ծրագրերից է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Համագումարի ավարտին տեղի ունեցան ԱՏՁՄ վարչության և նախագահի ընտրությունները: Նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը։
Ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ վարչության անդամ ընտրվեցին․
• Արմեն Քոչարյանը (VOLO),
• Արման Պողոսյանը (Instigate),
• Արտավազդ Մինասյանը (Krisp),
• Խաչատուր Նազարյանը (VMWare),
• Գևորգ Սաֆարյանը (LimeTech),
• Վահագն Պողոսյանը (E-Hayq),
• Սաթենիկ Մնացականյանը (Leviathan),
• Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures),
• Հայկ Եսայանը (Telecom Armenia),
• Սոֆի Մեհրաբյանը (Macadamian AR),
• Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile)
• Գոռ Վարդանյանը (Fimetech)։
Վարչության վերստուգող է ընտրվել Արման Աթոյանը (X-Tech)։