Այգեձորի վարչական ղեկավարը հերքում է գյուղում կրակոցների մասին լուրը
ՀասարակությունԱյսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ապրիլի 23-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի տներից մեկում կրակոց է հնչել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, նույն բնակավայրի բնակիչ, 37-ամյա Լուսինե Դ.-ի տան բակում վիճաբանության ժամանակ վերջինս «Տիր» տիպի օդամղիչ զենքով կրակել է նույն բնակավայրի բնակիչ, 30-ամյա Սանասար Ա.-ի ուղղությամբ:
1or.am-ը կապ հաստատեց Այգեձորի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանի հետ՝ պարզելու դեպքի մանրամասները: Վերջինս խիստ զարմացավ մեր հարցից և նշեց, որ առաջին անգամ է լսում.
«Անկեղծ ասած՝ այդ օրերին ես հիվանդանոցում եմ եղել, բայց ներքին գործերի բաժին էլ եմ զանգել, նման բան գոյություն չունի: Հնարավոր է՝ Այգեպարի փոխարեն Այգեձոր գրած լինեն, համենայն դեպս, դեպքը մեզ մոտ չի եղել»:
Մենք զանգահարեցինք Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանին, ով նույնպես ասաց, որ իրենց գյուղում նման դեպք չի եղել:
Ոստիկանության Տավուշի բաժնից էլ մեզ տեղեկացրին, որ սխալմունք է եղել.
«Այդպիսի բան չի եղել, երևի ինչ-որ մեկը կեղծ լուրեր է տարածել, մենք այդպիսի տեղեկատվություն չունենք»:
Մարիամ Նալբանդյան