Նիկոլ Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ ստորագրած՝ կվերադառնա, որը կրկին կստորագրվի մեր ժողովրդի թիկունքում. Վահե Հակոբյան
ՔաղաքականությունՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել հանրահավաքի՝ հանուն Հայաստանի և Արցախի։
«Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է տարածված հայտարարության մեջ։
Վաղը կայանալիք հանրահավաքից ունեցած ակնկալիքների շուրջ 1or.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ.
«Այս հավաքը նախ և առաջ վերաբերում է Արցախի շուրջ վերջին օրերին զարգացող իրադարձություններին: Մենք հստակ տեսնում ենք, որ մենք կորցնում ենք Արցախը, և եթե մենք կորցրեցինք Արցախը, իսկ այս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հստակ քայլերով մեզ տանում է դեպի Արցախի կորուստ, մենք այնուհետ կորցնելու ենք Սյունիքը, հետո՝ մեր ամբողջ երկիրը, մեր պետականությունը: Վաղը կայանալիք հանրահավաքը հենց դրա համար է»:
Հակոբյանի խոսքով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հավաքի նկատմամբ.
«Գրեթե բոլոր առողջ ուժերի կողմից ստացել ենք հավաքին կայանալիք հավաքի հաստատում: Չեմ կարող ասել՝ քանի մարդ կգա, բայց մենք ակնկալում ենք, որ երթը բազմամարդ կլինի: Չեմ կարծում, թե իշխանությունն ինչ-որ քայլերի կգնա, հիմա իրենք ցածր որակի տարբեր կայքերով և մեդիա հարթակներով փորձում են վարկաբեկել, ինչ-որ հիմարություններ խոսել, ուրիշ բառով չեմ կարող մեկնաբանել այդ ամենը: Բայց դրանից ավելի չեմ կարծում՝ ինչ-որ բան ունակ են անելու»:
Անդրադառնալով մեր այն հարցին, թե կազմակերպվող հանրահավաքը որևէ կապ ունի՞ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, Հակոբյանը նշեց.
«Ես և իմ գործընկերներն ունենք մտահոգություն, որ Նիկոլ Փաշինյանը, իր ձեռագրին համապատասխան, ևս մեկ փաստաթուղթ ստորագրած՝ կվերադառնա, որը, բնականաբար, կրկին կստորագրվի մեր ժողովրդի թիկունքում: Ինչ վերաբերում է այն հինգ կետերին, որոնք առաջ է քաշել Ադրբեջանը և պարտադրում է դնել այդ խաղաղության պայմանագրի հիմքում, Թուրքիան ասում է՝ այդ կետերն ընդունելուց բացի, այլ տարբերակ չունեք: Հիմա էլ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից տեղեկանում ենք, որ նոր փաստաթուղթ է առաջ քաշել Ադրբեջանը: Ես ուզում եմ հռետորական հարց ուղղել ՀՀ ԱԳՆ-ին. եթե ձեր գործողություններն այդքան պարզ են ու հայանպաստ, ինչո՞ ւ չեք հանրայնացնում դրանք»
Մարիամ Նալբանդյան