Ջիմ Քերին հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին
ՄշակույթՀոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերին հայտարարել է, որ մտադիր է թոշակի անցնել՝ այս մասին հայտնում է Hollywood Life-ը։
«Ես թոշակի եմ անցնում: Ես դա շատ լուրջ եմ ասում»,- հարցազրույցի ժամանակ ասել է արտիստը:
Այնուամենայնիվ, 60-ամյա Քերին նշել է, որ ապագայում կարող է դիտարկել այնպիսի նախագծերի սցենարներ, որոնք իսկապես կարևոր են մարդկանց համար։
«Ինձ շատ է դուր գալիս իմ հանգիստ կյանքը, ես շատ եմ սիրում նկարել կտավներ և շատ եմ սիրում իմ հոգևոր կյանքը…»,- հավելել է Քերին։
Այժմ Քերին 60 տարեկան է, նրա կարիերան մեծ էկրանին տևեց ավելի քան 40 տարի։ Նա սկսել է աշխատել որպես սթենդ-ափ կատակերգու՝ Տորոնտոյի Yuk Yuk's-ում: Ժամանակի ընթացքում սկսել է հանդես գալ լայնածավալ ֆիլմերում, այդ թվում՝ կատակերգական դերերում։ 1990-ականներին նա նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում, ինչպիսիք են «The Mask»-ը, «Dumb and Dumber»-ը, «Batman Forever»-ը և «Liar Liar»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուս Ուիլիսը նույնպես ավարտում է կարիերան՝ առողջական խնդիրների պատճառով։