Էն ո՞վ էր ասում ճանապարհը բաց է. Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին կրկին խցանումներ են, քաղաքացիներն ահազանգում են
ՀասարակությունԱռատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արդեն քանի օր է՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Մասնավորապես, անմխիթար է վիճակը Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի ոլորանների հատվածում: Արդեն քանի օր է՝ Ստեփանավանի թունելից Տաշիր տանող ճանապարհի մոտ 20 կմ-անոց ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, իսկ երկու օր առաջ 300-ից ավելի ավտոմեքենաներ մնացել էին խցանման մեջ և չէին կարողանում շարժվել։ Այս պահին էլ խցանում է թունելից մինչև Ստեփանավան հատվածում.
«Էն ո՞վ էր ասում ճանապարհը բաց է: Ես աշխատում եմ Վանաձորում, այդ պատճառով ամեն օր գնում-գալիս եմ Ստեփանավան։ Հնարավոր է, որ ամենուրեք լիներ այս վիճակը, հարմարվեի այդ մտքի հետ, բայց Երևանից մինչև թունել մի աշխարհ է, թունելից մինչև Գարգառ՝ ուրիշ: Այս խնդրի առաջացման պատճառներից մեկն այն է, որ երկու շաբաթ առաջ առատ ձյունը չեն մաքրել, և այն սառցածածկ է դարձել, ջերմաստիճանը մինուս վեցից չի բարձրացել, և գրեթե ամեն օր ձյան շերտն ավելացել է։ Իսկ կատարված աշխատանքն ընդամենը 1,5 մեքենայի համար մի փոքր տեղ բացելն էր։ Ինչևիցե, մեղավոր չեմ փնտրում, բայց հաստատ կասեմ՝ ով այս հատվածը սպասարկում է, գործը թերի է կատարում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Արմինե Քալաշյանը, ով այդ պահին խցանման մեջ էր։
Մենք կապ հաստատեցինք Լոռիի ՃՇՇ-ի հետ՝ պարզելու, թե ով է ճանապարհի տվյալ հատվածի պատասխանատուն և թե ինչ աշխատանքներ են տարվում մաքրման ուղղությամբ: Մեզ հայտնեցին, որ տվյալ հատվածը գտնվում է «Արգիշտի ՍՊԸ»-ի պատասխանատվության տակ, որի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին:
Մարիամ Նալբանդյան