Ամեն մարդ չի, որ մտածում է նաև ժողովրդի մասին. Լիլի Մորտոն՝ Գոհար Ավետիսյանի և թուրք խոհարարի տեսանյութի մասին
ՀասարակությունՌուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այցելել է թուրք հայտնի բլոգեր, խոհարար Բուրաք Օզդեմիրի` Տաջիկստանում գտնվող ռեստորան: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է թուրք բլոգերի Ինստագրամի էջում:
Տեսանյութը բացասական արձագանք է ստացել դիմահարդարի հայ երկրպագուների կողմից, ովքեր շտապել են քննադատել նրան` Բուրաք Օզդեմիրի հետ հանդիպելու համար: Բանն այն է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Բուրաքն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին` ողջունելով արցախահայության դեմ սանձազերծված ագրեսիան:
1or.am-ը կապ հաստատեց հայ հայտնի դերասան, բլոգեր Լիլի Մորտոյի հետ՝ իմանալու վերջինիս կարծիքը Գոհարի այդ քայլի վերաբերյալ.
«Ես երբևէ նման քայլի չեմ դիմել, կարծում եմ՝ չեմ էլ դիմի: Նախ, որովհետև ես բնավորությամբ այնպիսին եմ, որ ցանկացած բանի վրա հաստատ փիար չեմ անի, եթե դա այնպիսի արձագանք կունենա, որը պետք չէ: Հիմա, ամեն մեկը մի ձև է մտածում, ամեն մարդ չի, որ մտածում է նաև, օրինակ, ժողովրդի մասին: Հնարավոր է՝ այդ մարդն այդ ձևով ուզում է փիար անել, դա է ճիշտ գտնում: Բայց կոնկրետ ես բնավորությամբ մի քիչ ուրիշ տեսակ եմ, հաստատ քաղաքական ինչ-որ բաների վրա փիար չեմ անում, եթե դա այնպիսի բան չէ, որ իմ սեփական կարծիքն է: Ես ո՛չ կորցնելու բան ունեմ, ո՛չ էլ փիարի կարիք: Եթե ուզենամ իմ կարծիքը հայտնել, իհարկե կհայտնեմ, բայց փիարի համար երբևէ նման բան չեմ անի»:
Մարիամ Նալբանդյան