Հայաստանի տարածքային ամբողջականության համար կարևոր այս նախագծին դեմ քվեարկողները ենթարկվելու են քրեական պատասխանատվության. Նաիրա Զոհրաբյան
ՔաղաքականությունՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնող հայտարարությունները քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել քրեորեն պատժել նրանց, ովքեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն։
Թեմայի վերաբերյալ 1or.am-ը լսել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի կարծիքը.
«Ես կարծում եմ՝ սա որևէ մեկիս համար անակնկալ չէր. այլ բան սպասել այս իշխանությունից, պարզապես միամտություն կլիներ: Իրենք իրենց գործողություններով, իրենց քայլերով , պայմանավորված և պարտված պատերազմով ամեն օր կասկածի տակ են դրել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը: Շուտով մեկ տարին կլրանա, անցյալ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը 41 կմ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և այսօր Հայաստանի իշխանությունները, ԱԳ նախարարը «Ջոկոնդայի ժպիտով» Մևլյութ Չավուշօղլուի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի հետ խաղաղության պայմանագրի մասին են խոսում: Ադրբեջանը լկտիաբար անջատել է Արցախի գազամատակարարումը, այն դեպքում, երբ Արցախում գիշերը մինուս երեք աստիճան է եղել, էլեկտրականությունը չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը, և Հայաստանի իշխանությունը երեկ այդ պատասխանատվությունը «գցեց» ռուս խաղաղապահների գրպանը՝ ասելով, որ դա արդեն նրանց խնդիրն է»:
Զոհրաբյանի խոսքով՝ այս քվեարկությունը պատմական է.
«Ես դրա մեկ օրինակն անպայման պահելու եմ ինձ մոտ, որովհետև գալու է 44-օրյա պատերազմի, դրան հետևած բոլոր քաղաքական իրադարձությունների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ այս սիրախաղի քաղաքական պատասխանատվության ժամանակը, և բոլոր նրանք, ովքեր դեմ են քվեարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ձևակերպում, հայտարարություն քրեականացնող նախագծին, վստահ եղեք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Բումերանգի էֆֆեկտը դեռևս որևէ մեկը չի չեղարկել»:
Մարիամ Նալբանդյան