Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես երևում է, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր «բրենդներից» մեկը դառնում է սեփականության կամ բիզնեսների վերաբաշխումը: Այս ընթացքում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանավորները կամ իշխանամերձ գործարարները նորանոր բիզնեսներ կամ ունեցվածք են ձեռք բերում: Գործընթացն, ինչպես ասում են, շարունակական է... Նախօրեին հայտնի դարձավ, որ կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը: Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ ու սպասարկմամբ զբաղվող ընկերության մասին է: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում այս կառույցի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ցանկություն կա այս ոլորտի «կառավարումը» փոխանցել իշխանամերձ օլիգարխներին: Արագաչափերի և տեսախցիկների «գործով» զբաղվող նոր կառույցը կունենա 2-3 փայատեր, որոնք կստանձնեն հստակ դերաբաշխում: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է բավականին լուրջ ներդրումներ կատարել, այդ թվում՝ նոր արագաչափեր ու տեսախցիկներ ձեռքբերել ու տեղադրել: Դրանց քանակի ավելացումից զատ, սպասվում են նաև նոր խստացումներ՝ ներդրումների առավել արդյունավետ վերադարձելիության նպատակով: Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցում են, որ խոսակցություններ կան արագաչափերի 10 կմ սխալանքը նվազեցնել 2 կմ-ով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում