ԵՊՀ մամուլի խոսնակը հերքում է
Հասարակություն«Փաստ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՊՀ-ում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ԲՈՒՀ-ի ղեկավարությունից, ավելի ստույգ՝ ռեկտորից: Ըստ թերթի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ-ում լուրջ կրճատումներ են տեղի ունենում, նախատեսվում են նաև նորերը: Նյութում մասնավորապես ասվում է.
«ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշել է ամբիոնների միավորումներ իրականացնել, ինչի հետևանքով մի շարք փորձառու դասախոսներ, այդ թվում՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ուղղակի դուրս են մնում համալսարանից, քանի որ դասաժամերի խնդիր կա։ միավորված ամբիոնների վարիչ են հիմնականում «նշանակվում» այնպիսի անձինք, ովքեր կա՛մ ընդգծված իշխանամետ են, կա՛մ գոնե քաղաքականապես ակտիվ չեն և իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ երբեք որևէ խոսք չեն ասել»։
1or.am-ը փորձեց շրջանառվող տեղեկությունները ճշտել ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ զրույցում: Վերջինս հերքեց տարածված ասեկոսեները՝ մասնավորապես նշելով.
«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Միակողմանի է և չճշտված։ Փաստից ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել՝ մեկնաբանություն ստանալու և միակողմանի գրել է: Իրականում հակառակն է»։
Մարիամ Նալբանդյան