Արցախը սնուցող գազատարի վերանորոգումն ավարտված է, տեխնիկական բնույթի այլ աշխատանքներից հետո մատակարարումը կվերականգնվի
ՀասարակությունԱրցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Արցախը սնուցող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։
Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»,– ասվում է հաղորդագրությունում: