Վրաստանը կօգնի Հայաստանին. վրացի բժիշկների խումբ կգործուղվի Հայաստան
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստին հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանում դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:
«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները միմյանց հետ։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան: