«Հրապարակ». Ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում
ՄամուլԱրցախի աղբյուրները հայտնում են, որ օրերս ԱՀ նախագահական շենքի բակում ոչ մարտական նռնակ են պայթեցրել։ Նռնակ նետողը արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի թիմակիցներից է եղել։ Արցախում, ինչպես հայտնի է, վերջին ամիսներին քաղաքական բուռն վերադասավորումներ են ընթանում, Արայիկ Հարությունյանը խոստացել է հաջորդ ընտրություններին չառաջադրվել։ Այժմ Սահմանադրություն են փոխում, պատրաստվում են նոր ընտրությունների, եւ տարբեր շրջանակներ արդեն նախագահի թեկնածուների հարց են քննարկում։
Օսիպյանը համարվում է Սամվել Բաբայանի պրոտեժեն։ Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում նման քայլերով իրավիճակն ապակայունացնել։
Փորձեցինք լուրը ստուգել տարբեր աղբյուրներից․ ԱՀ նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը վստահեցրեց, որ նման միջադեպ չի եղել, Արթուր Օսիպյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, ու սկսեց հարցուփորձ անել․ «Ի՞նչ են արել որ»։ Ասում են՝ պայթուցիկ, թե ռումբ են գցել։ «Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում, տեղյակ չեմ, հեսա կիմանամ, թե մեր թիմակիցներից ով ա արել, կպատասխանեմ»,- խոստացավ Օսիպյանը։