Մի շարք զարգացող երկրներ ցորենի կարճաժամկետ պակասի կբախվեն. ՀԲ
ՏնտեսությունՀամաշխարհային բանկն իր վերջին Trade Watch զեկույցում հայտարարել է, որ մի շարք զարգացող երկրներ ցորենի կարճաժամկետ պակասի կբախվեն՝ ուկրաինական ցորենի արտահանումից իրենց մեծ կախվածության պատճառով:
Զեկույցում նշվում է, որ Գամբիան, Լիբանանը, Մոլդովան, Ջիբուտին, Լիբիան, Թունիսը եւ Պակիստանը ամենաշատը կտուժեն Ուկրաինայից ցորենի արտահանման խափանումներից, քանի որ նրանց ցորենի ներմուծման մոտ 40 տոկոսը կամ ավելին Ուկրաինային է բաժին ընկնում:
«Այս ներկրողները խնդիրներ կունենան այլընտրանքային աղբյուրներին արագ անցնելու հարցում, ինչը կարող է կարճաժամկետ հեռանկարում առաջարկի դեֆիցիտի հանգեցնել»,- հայտարարել են ՀԲ-ում:
Հացահատիկի մատակարարման հետ կապված իրավիճակը վատթարացել է Ռուսաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ցորենի եւ հացահատիկային այլ մշակաբույսերի արտահանման սահմանափակումների պատճառով։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2018թ․ Ռուսաստանը ցորենի խոշորագույն արտահանողն է եղել, իսկ Ուկրաինան՝ հինգերորդը։ Երկու երկրներին միասին բաժին է ընկնում համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։
Զեկույցում ասվում է, որ բացի Ուկրաինայից հացահատիկի խոշորագույն սպառողներին մատակարարումների ուղղակի դեֆիցիտից, ցորենի շուկայական գների բարձրացումը կազդի աշխարհի միջին եկամուտ ունեցող երկրների վրա:
Հացահատիկի գների ինդեքսը, ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, փետրվարին աճել է 14,8 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ Համաշխարհային բանկը հայտարարել է, որ ցորենի ֆյուչերսների գները հակամարտության սկզբից 60 տոկոսով են աճել:
«Ավելին, ցորենի արտահանման խափանումները կազդեն ցորենին փոխարինող եգիպտացորենի եւ բրնձի շուկաների վրա, ինչը օգուտ կբերի նետտո-արտահանողներին եւ վնաս կհասցնի այդ ապրանքների նետտո-ներմուծողներին»,- հավելել է բանկը:
Համաշխարհային բանկը նշել է, որ խափանումները կարող են խանգարել նաեւ 2021թ․ համաշխարհային առեւտրի զգալի վերականգնմանը, քանի որ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրն այժմ գերազանցում է մինչհամավարակային մակարդակը:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ առեւտրի ընդհանուր ծավալը 2021թ․ աճել է 26 տոկոսով՝ 2020թ․ մակարդակի համեմատ, եւ 17 տոկոսով՝ 2019թ․ մակարդակի համեմատ, ընդ որում առեւտրի ծավալը 2019թ․ մակարդակը գերազանցել է բոլոր տարածաշրջաններում։ Բացառություն են կազմում տրանսպորտային սարքավորումները: