Զելենսկին պատրաստ է խոսել նախագահ Պուտինի հետ նույնիսկ այսօր. Ուկրաինայի նախագահի գրասենյակ
ՔաղաքականությունԿիևը պատրաստ է Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններին` գործընկերների մասնակցությամբ, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի։ Այս մասին N24 հեռուստաալիքի եթերում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, փոխանցում է РИА Новости-ն։
«Նախագահ Զելենսկին պատրաստ է խոսել նախագահ Պուտինի հետ նույնիսկ այսօր։ Մենք պատրաստ ենք երկու նախագահների բանակցություններին մեր գործընկերների՝ այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Մենք պատրաստ ենք նրան, որ դա լինի կանցլեր Շոլցը կամ մեկ այլ եվրոպական երկրի կառավարության ղեկավար»,- ասել է նա։
Նրա խոսքով, Կիևը «ժամանակ չունի» պատվիրակությունների մակարդակով հետագա հանդիպումներ անցկացնելու համար, քանի որ «ամեն ժամ, ամեն րոպե մեր քաղաքացիները, մեր զինվորները և քաղաքացիական անձինք են մահանում»։
«Մեր խնդրանքը համաշխարհային հանրությանը, Գերմանիայի կանցլերին է՝ օգտագործել բոլոր շփումները, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Պուտինը նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա։