«Պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա»․ 4 ամիս անհետ կորած զինծառայողի կնոջը չեն ընդունել ՊՆ-ում
ՀասարակությունՉորս ամիս է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանն անհետ կորած է։ Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկու օր առաջ՝ մարտի 10-ին, երկու մանկահասակ երեխաների հետ Պաշտպանության նախարարություն է գնացել՝ նախարարի հետ հանդիպելու նպատակով, բայց ՊՆ-ի ընդունարանում նրան ասել են, թե նախարարը Կառավարության նիստի է եւ չի կարող հանդիպում ունենալ։
«Մոտ մեկ ամիս առաջ նամակ էի գրել Պաշտպանության նախարարությանը եւ խնդրել, որ աջակցություն տրամադրեն երեխաներիս, մինչեւ ամուսնուս՝ Վահեին, ինչ-որ կարգավիճակ կտրվի, մահացածի կամ էլ գերիի։ Պատասխան չստանալով, որոշեցի անձամբ գալ նախարարություն, բայց ինձ ոչ ոք չընդունեց։
Այսինքն՝ ՊՆ-ում նորմալ մարդ չկար, որ հանդիպեր անհետ կորած զինծառայողի ընտանիքի հետ, երեւի ասելու բան չունեին։ Ստացվում է, որ պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա, բա անհետ կորածի կինը, անչափահաս երեխաների հետ Եղեգնաձորից հասնում է Երեւան, որ մի լուր իմանա իր ամուսնուց, բայց չեն էլ բարեհաճում ընդունել։ Անգամ չգիտեն՝ ես հացի փող ունե՞մ, որ էդքան ճամփեն կտրել, հասել եմ Երեւան, ու ՊՆ-ից ոչ ոք ինձ չի ընդունում»,- նեղսրտեց Լիանան։
33-ամյա Վահե Մանուկյանը անհետ կորել է 2021թ.–ի նոյեմբերի 12–ին։ Նա ծառայում էր Վայոց Ձորի մարզում եւ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։
Ավելին...