Զովունիում պայթյունի հետևանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել է
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով 2022թ. մարտի 11-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ առավոտյան ժամը 09։40-ի սահմաններում մայրը դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է իրեն։
Նույն օրը՝ ժամը 10։40-ի սահմաններում, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի 40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։
Կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով։
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: