Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 27-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրից ոստիկանության Էրեբունու բաժին ստացած ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 22:50 –ի սահմաններում նշված հիվանդանոցից Էրեբունու ոստիկանություն տեղեկացրել են, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 5 րոպե անց «մեջքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Վազգեն Եղիազարյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Կոտայքի մարզ բնակիչ, 24-ամյա Արսեն Պարազյանը:Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 22:00–ի սահմաններում Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկում եղած ավտոտնակում մարմնամարզություն կատարելու ժամանակ ավտոտնակի փոսի մեջ ընկնելու հետևանքով:
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նշված հասցեն վարչական տարածքայինով հաշվառված է ոստիկանության կենտրոնական բաժնում և նախապատրաստված նյութերը փոխանցվել են կենտրոնի ոստիկանություն:
Ոստիկանները ունեն նաև լուրջ կասկածներ, որ նրանց հայտնած տեղեկությունը գուցե հավաստի չէ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիավորներից Վ. Եղիազարյանը աշխատում է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում: