Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին
ՔաղաքականությունՌուսաստանի և Թուրքիայի միջև կան տարաձայնություններ, բայց կան նաև ոլորտներ, որտեղ երկրները զգալի հաջողությունների են հասել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու վերաբերյալ, փոխանցում է РИА Новости-ն։
Պեսկովը հավելել է, որ տարաձայնությունները չեն խանգարում Մոսկվային հարաբերություններ կառուցել Անկարայի հետ։ «Գիտեք, որ մենք թուրքերի հետ տարաձայնություններ ունենք նաև Ղրիմի հարցում։ Դրանք հին են, բայց դա մեզ չի խանգարում հարաբերություններ կառուցել»,- արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին, Էրդողանը դատապարտել էր Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը՝ կողմերին կոչ անելով չխախտել միջազգային իրավունքը և պահպանել ողջախոհությունը: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն էր հայտնել թուրք գործընկերոջն աջակցության համար։