Համաեվրոպական հավաք Հայաստանում. Երևան կժամանեն տարբեր երկրների ինժեներներ. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայկական CodeSignal ստարտափը, որը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ, նախատեսում է Եվրոպայի 8 երկրի աշխատակիցների առաջին համաեվրոպական հավաքը՝ CodeSignal «Ararat Meetup» խորագրով, կազմակերպել Հայաստանում: Փետրվարի 14-ից սկսած մեկ շաբաթ Եվրոպայի ինժեներների և բովանդակություն մշակող մասնագետների թիմերը կաշխատեն Երևանի գրասենյակում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կկարողանան փորձի փոխանակում իրականացնել, քննարկել իրենց նոր գաղափարներն ու աշխատանքային պլաններն առավել անմիջական պայմաններում։ Շաբաթվա ամփոփումը կլինի Դիլիջանում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հավաքը հագեցած է լինելու նաև պատմամշակութային ճանաչողական ծրագրերով. կլինեն այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, և արտասահմանից ժամանած մասնագետները հնարավորություն կունենան հնարավորինս բացահայտել հայկական մշակույթն իր բոլոր առանձնահատկություններով։ Դե, բնականաբար, նաև խոհանոցը... Հավելենք, որ այս ընկերությունն այսօր արդեն գնահատվում է մոտ 500 մլն դոլար, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են միջազգային հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպես FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և այլն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում