Երեւանի քաղաքապետարանը կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձն է կանխել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության արդյունքում կանխվել է ապօրինաշինության հերթական դեպքը:
««Կասկադ շուզ» խանութ սրահի սեփականատերն ապօրինաբար բետոնապատել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ Թամանյան 1 հասցեին հարակից կանաչ գոտին՝ առկա ծառերով ու թփերով: Մտադրության հավանական նպատակը կանաչ գոտու հաշվին մայթի տարածքն ընդլայնելն է եղել: Փաստն արձանագրելուց անմիջապես հետո միջոցներ են ձեռնարկվել՝ տարածքն ազատելու և նախկին տեսքի բերելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այդ ուղղությամբ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան քայլեր»,- հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: