Պատերազմը վերջակետ չի դրել հայ ժողովրդի հավակնություններին․ այս ժողովրդին կոտրել հնարավոր չէ․ Զաքարյան
ՔաղաքականությունՈրևէ մեկին թող չթվա, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման պրոցեսը ավարտվել է։ Որևէ մեկը թող չմտածի, թե պատերազմը վերջակետ է դրել բոլոր տեսակի հավակնություններին, որ հայ ժողովուրդը ունի։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Իսկ հայ ժողովուրդը ունի անկախ պետություն ունենալու հավակնություն։ Հայ ժողովուրդը այս տարածաշրջանում ունի կայուն, ապահով և զարգացող երկիր ունենալու հավակնություն։ Հայ ժողովուրդը շարունակելու է իր անկախության, իր ինքնուրույնության, իր ինքնիշխանության, իր տարածքային ամբողջականության և իր միջազգային բոլոր իրավունքների համար պայքարը։ Սա ես ինչու եմ ասում։ Թող ամենևին չթվա, թե ես ինձ թույլ եմ տալիս հայ ժողովրդի անունից հանդես գալ, պարզապես սա այն 30 տարվա ճանապարհն է, որ մենք անցել ենք, սա այն բազմաթիվ հանդիպումներն են, որ մենք ունենում ենք մարդկանց հետ և սա այն տպավորությունն է, որը մենք իրականում հավաքական առումով ստացել ենք։ Սա մեզ ոգևորում է ու իրականում հնարավոր չէ կոտրել այս ժողովրդին, թեկուզ արյունալի պատերազմով»,- ասաց Զաքարյանը։