Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է, որ «Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա» պատժամիջոցների խստացման դեպքում
ՔաղաքականությունԿրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը՝ ներկայացնելով Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին օրինագծի մանրամասները։
ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «Վլադիմիր Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա» պատժամիջոցների խստացման դեպքում։ Նա նաև ասել է, որ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է ներառել ռուս «օլիգարխների» լոնդոնյան ունեցվածքի բռնագրավումը։
Թրասը չի բացառել Ուկրաինային ռազմական աջակցությունը ռուսական ներխուժման դեպքում։
«Թիվ մեկ առաջնահերթությունը Վլադիմիր Պուտինին հետ պահելն է այս գործողություններից», - ասել է Լիզ Թրասը Sky News-ին՝ նկատի ունենալով Ուկրաինայի շուրջ սրացումները:
Նա հավելել է, որ «բացարձակապես ոչինչ չի բացառում», երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային ռազմական աջակցությանը։
Արտգործնախարարը նաև ասել է, որ «Կրեմլին և Ռուսաստանի վարչակարգին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ»։
«Այնպես որ Պուտինի օլիգարխները կամ ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են ռուսական պետությանն աջակցելու մեջ, թաքնվելու տեղ չեն ունենա», - ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը։