Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու. «Հրապարակ»
Քաղաքականություն«Հրապարակը» գրում է. «Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս և «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատրաստվում է պատասխանել Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին՝ կապված Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի հետ։
Այսօր տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ ստորագրման պատրաստ փաստաթղթեր, որոնք թեեւ չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարկվել։ Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը։
Այս անգամ եւս հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, ով 2021-ի փետրվարին մի քանի մասանոց հարցազրույց վարեց ՀՀ երրորդ նախագահի հետ։ Այն կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, սակայն նկարահանումը կարվի «Պարա թիվիի» տաղավարում, քանի որ «Արմնյուզը» դեռեւս չի վերսկսել իր աշխատանքները։ Հարցազրույցը կնկարահանվի եւ կհեռարձակվի հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը»։