Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան
ՔաղաքականությունՆախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահն իր ՆՀ-412-Ա հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի։
Դեսպան Արման Հակոբյանի նստավայրը կլինի Թել Ավիվում։
Արման Հակոբյանը մասնագիտությամբ արևելագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Եբրայերենի հայերեն դասագրքի` «Արդի եբրայերեն»-ի (Երևան, 2003), ինչպես նաև` «Դասական ասորերեն» (Երևան, 2005), «Արամեագիտության և ասորագիտության ներածություն» (Երևան, 2015) դասագրքերի հեղինակը։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, արաբերենին, եբրայերենին, պորտուգալերենին և լատիներենին։ 2007 թվականից ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։