Դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով հանդիպում է տեղի ունենալու․ Փաշինյան
ՔաղաքականությունԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում։
Այս առումով, նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերներից դրական ազդակ կա, և դեկտեմբերի 10-ին «3+3» ձևաչափի նախանիստն է լինելու։
«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը որոշել է տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն վարել և աշխատում է այդ ուղղությամբ։
«Հիմա ես չեմ շտապի հետևություններ անել, բայց որ մենք պիտի փորձենք տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել, փաստ է, և մենք կփորձենք այդ ուղղությամբ հնարավորինս արդյունավետ աշխատել», - ասաց Փաշինյանը։