«Հրապարակ».ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին
ՄամուլԳավառում նախընտրական փուլը դրամատիկ էր՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը մի քանի հովանավոր ուներ, մասնավորապես՝ ՔՊ պատգամավոր, ՄԱԿ նախկին նախագահ Գուրգեն Արսենյանը, որը երաշխավորել էր, որ իր նախկին կուսակցին՝ Գուրգեն Մարտիրոսյանին, ՔՊ ցուցակով կառաջադրեն։ Սակայն Գավառում «ասող» մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը (շիշ բռնող), նորատուսցի գողական Բանդուրյան եղբայրների հետ պայմանավորվածությամբ որոշում է, որ ՔՊ-ից պետք է ԱԺ նորաթուխ պատգամավոր, նորատուսցի Նարեկ Գրիգորյանին առաջադրի։ Նրան ընթերցողը կհիշի ԱԺ-ում զավեշտական ելույթներից, երբ «սեպտեմբերին» «սեկտեմբեր» էր ասում։
Շատերն են փորձել համոզել ՔՊ վերնախավին, որ սույն անձնավորությունն անցողիկ թեկնածու չէ, գումարած՝ սրանով Գուրգեն Արսենյանին են վիրավորում, անօգուտ՝ Սարգսյան-Բանդուրյաններ տանդեմը հաղթում է։ Գուրգեն Մարտիրոսյանին էլ համոզում են առաջադրվել «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքով», որի հիմքում ՔՈ կուսակցությունն է, խոստանալով, որ անցնելուց հետո իշխանական «դաբրոն» կունենա։ Արդյունքում Մարտիրոսյանը 52 տոկոս քվե ստացավ, իսկ Հայկ Սարգսյանի թեկնածուն՝ 40 տոկոս։ Փաստորեն, ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին։