Արցախի ՄԻՊ-ը հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել
ՀասարակությունԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից, մանրամասնելով, որ զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։
«Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերը գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։
Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: