Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է գործչի մոտ խոսքի և հիշողության հետ կապված խնդիրների առաջացման մասին
ՔաղաքականությունՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ հիշողության խափանումներ և հաղորդակցության հետ կապված դժվարություններ են ի հայտ եկել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գործչի փաստաբան Նիկալազ Գվարամիան, որն այցելել է վերջինիս բանտում:
«Նա չի կարողանում մարդկանց անուններ հիշել: Իմը դեռ հիշում է, սակայն մեր զրույցի ընթացքում պարզվել է, որ չի հիշում իր ընկերների անունները: Ես գիտեմ, թե դա ինչի ախտանշան է: Հավանաբար, այդ մասին պետք է իմանան բժիշկները»,- նշել է փաստաբանը:
Գվարամիան դիմել է Վրաստանի կառավարությանը և պահանջել Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար: