Դպրոցներում ջեռուցման հատուկ նորմեր են սահմանված․ իրազեկում է Տեսչական մարմինը
ՀասարակությունՀանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ, և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝
Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով։
Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`
-Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։
-Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,
2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:
-Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:
Տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ Այս ուղղությամբ իրականացվելու են մշտադիտարկումներ։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։
Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից: