Իշխանությունը մանիպուլյացիայի, ապատեղեկատվության արժեքը շատ լավ գիտի․ դրա համար ամեն ինչ անում են իրական լուրի ազդեցությունը փոքրացնելու համար․ Գեղամ Մանուկյան
ՔաղաքականությունԱյն ժամանակ էլ պակաս օդիոզ պատգամավորներ չկային, միջադեպեր էլ էին եղել և լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները ընդդիմացել են դրա դեմ։ Այս մասին այսօր «Երկրի հարցը» հաղորդմանն ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով լրատվամիջոցների ազատության մասին։
«Ցավոք հասարակական կազմակերպություններից շատերը, որոնք իշխանությունով անցել են խորհրդարան, իշխանության վերահսկող դաշտը պակասել է։ Ամեն օր տեսնում եմ դեպք, որ ասում եմ, եթե հինգ տարի առաջ լիներ, իշխանության գլուխը ջարդել էին»,-ասաց նա և նկատեց, որ նախկինում ամեն օր խոշորացույցով հսկում էին մեկ անձից գնումները։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների կողմից՝ ընդդիմությանը ռևանշիստ համարելուն, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ես եմ ռևանշի՞նստը, դե թող վաղը գնդացիր բերեն ամբիոնի մոտ ելույթ ունենալուց գնդակահարեն։ Ռևանշի՞ստը որն է։ Տխմարագույն տերմիններ եմ լսում»։ Նա նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ միշտ ցանկանում է վերադառնալ իշխանության և հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի օգտագործած «վրեժի ժամանակը» հայտարարությունը։ «Վրեժը ռևանշիստ է, իշխանության ձգտելը ռևանշիզմ չէ։ Շպարգալկայով տերմիններ են տալիս, ասում են օգտագործեք»,–հավելեց նա։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ ամեն լուր քար է ծակում։ «Իշխանությունը մանիպուլյացիայի, ապատեղեկատվության արժեքը շատ լավ գիտի, դրա համար ամեն ինչ անում են իրական լուրի ազդեցությունը փոքրացնելու, քանի որ եթե այսօր մամուլը հետևողականորեն ամեն օր գրի, որ մեր երկրում հիմա էլ է կոռուպցիա, մեկ անձից գնումներով միլիարդավոր դրամներով բյուջեից փող են գողանում, որ իրոք գողանում են, ապա մի ամիս, տասը ամիս հետո քաղաքացին կասի՝ սրանք էլ են գող, և դրա դեմն առնելու համար է հնարավորինս սահմանափակել մամուլի ազատությունը»,–ասաց նա։