Ռուստամ Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանական սադրանքները հաճախակի են դարձել.«Հրապարակ»
ՄամուլՌուստամ Մուրադովի հեռանալուց եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին նշանակելուց հետո ադրբեջանական սադրանքները՝ կրակոցների, այլ կամակորությունների տեսքով, ավելի հաճախակի են դարձել։ Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս ադրբեջանցիները կանգնեցրել եւ ստուգել են Շուշի մտնող ռուսական ՈՒԱԶ-ը, ինչը շոկ է առաջացրել ռուս զինվորների մոտ։ Մի քանի ամիս է՝ նրանք Արցախում են, սակայն առաջին դեպքն է, որ ադրբեջանական զինվորները նրանց ստուգել են։
Խոսում են, որ ադրբեջանական ակտիվացումը պայմանավորված է Կոսոբոկովի համբավով, ադրբեջանցիները, կոպիտ ասած, առաջ են ընկնում, որ ետ չընկնեն։ «Կոսոբոկովը ոչ միայն բնավորությամբ ավելի չոր է, այլեւ՝ կոնֆլիկտները ազգերի ինքնորոշման ճանապարհով լուծելու կողմնակից, եղել է նաեւ Ղրիմում»,- ասաց մեր աղբյուրը։