«ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի հրթիռային ներուժի աճով». Ստոլտենբերգ
ՔաղաքականությունՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի միջուկային ներուժի աճով և մեծ թափանցիկության կոչ է անում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով սպառազինման վերահսկողության և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցով ՆԱՏՕ-ի ամենամյա համաժողովում:
Համաժողովը, որը 17-րդ անգամ անցկացվում է սեպտեմբերի 6-7-ը, կազմակերպվել է Հյուսիսատլանտյան դաշինքի և Դանիայի ԱԳՆ-ի կողմից:
«Ռուսաստանը շարունակում է անտեսել և խախտել կանոնները: Ռուսաստանը զարգացնում է իր միջուկային հնարավորությունները, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներինը»,- ասել է Ստոլտենբերգը:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը «շահագործման է հանձնել գերձայնային համակարգեր, բալիստիկ հրթիռների, միջուկային սարքավորմամբ թևավոր հրթիռների փորձարկումներ է իրականացրել»: Չինաստանը, նրա խոսքով, արագ զարգացնում է միջուկային ներուժը: Ստոլտենբերգը հավելել է, որ «թափանցիկությունն ու կանխատեսելիությունը համապատասխանում է ընդհանուր շահերին»: