Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից:
«Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում և հաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից: Հասկանում ենք խաղի կարևորությունը և գիտենք, որ մեծ հնարավորություններ ունենք այս որակավորման փուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել է հայ կիսապաշտպանը:
Մխիթարյանի խոսքով` հավաքականի մոտ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել է դեռևս նախորդ Ազգերի լիգայից: «Տղաները սկսել են հավատալ իրենք իրենց և բարձրացել է խաղամակարդակը: Հույս ունեմ, որ մյուս խաղերում ևս մի քանի ֆուտբոլիստներ իրենց վրա կվերցնեն այս պատասխանատվությունը»,-ասաց նա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: