«Փաստ». Իսկ ԱԺ աշխատակազմում նույնիսկ բավականին գոհ են Ալեն Սիմոնյանից
Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները Ազգային ժողովը վերածել են իսկական զորանոցի՝ անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների աննախադեպ ներկայություն, Նիկոլ Փաշինյանի հասցեին որևէ «թթու խոսք» ասելու դեպքում բուռն հարձակումներ ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ բռունցքների և ոտքերի գործադրմամբ, էլ նախազգուշացումներ, էլ դահլիճից հեռացումներ:
Այս ամենն, ի վերջո, բնականաբար, «կոտրվում» է ԱԺ նախագահի «գլխին», որը դառնում է հիմնական դժգոհությունների թիրախ: Միևնույն ժամանակ, պարզվում է, ԱԺ աշխատակազմում նույնիսկ բավականին գոհ են Ալեն Սիմոնյանից: Ասում են՝ նոր շունչ է բերել խորհրդարան: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի շատ աշխատակիցներ հատկապես ոգևորված են, որ Սիմոնյանը պարբերաբար շրջում է խորհրդարանի տարածքում, անձամբ ծանոթանում ու լուծումներ տալիս բազմաթիվ հարցերի, հատկապես տարբեր բաժինների հետ կապված այնպիսի խնդիրների, որոնք լուծում չեն ստացել ու կուտակվել են:
«Փաստի» լրագրողի հետ զրույցում ԱԺ մի շարք աշխատակիցներ նշում էին, թե լսել են, որ ԱԺ նախագահը նախատեսում է վերանորոգել ճաշարանը, ավելին, ասում էին, թե աշխատակազմի համար նաև սրճարան է շուտով լինելու: Մի խոսքով, սկսած շենքային պայմաններից՝ հույս ունեն, որ այնպիսի փոփոխություններ կլինեն, որոնք միտված կլինեն մարդկանց աշխատանքը ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելուն: Ի դեպ, կուլիսներում նաև խոսում են, որ նիստերի ժամանակ ընդդիմադիրների ելույթների նկատմամբ բավականին անհանդուրժող Ալեն Սիմոնյանը հանձնարարել է աշխատակազմին՝ ընդդիմությանը հնարավոր ցանկացած հարցում ընդառաջել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: