Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400-ների երկրորդ խմբաքանակը. Էրդողան
ՏնտեսությունԱնկարան չի կասկածում, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակի ձեռքբերումը տեղի կունենա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ռուսաստանից С-400-ների երկրորդ փաթեթը գնելու վերաբերյալ մենք որևէ կասկած չունենք: Մենք Ռուսաստանի հետ շատ քայլեր ենք ձեռնարկում պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Հրդեհների մարման ժամանակ մենք ռուսական ինքնաթիռներ ենք կիրառել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք քննարկել ենք այդ թեման»,- ասել է Էրդողանը:
Ռուսաստանն ու Թուրքիան զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիր են կնքել 2017 թվականին: Մատակարարումն իրականացվել է 2019 թվականին: Անկարան այժմ մտադիր է С-400 համալիրների ևս մեկ խմբաքանակ ձեռք բերել Մոսկվայից: Այս մասին ավելի վաղ հայտնել էր երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: