Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ շեշտելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել. Էդուարդ Աղաջանյան
Ալտերնատիվ կարծիքԳորիս-Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, այն պայմաններում, երբ հիմա քննարկում ենք այս հարցը, հետպատերազմյան իրողություններից ելնելով և հաշվի առնելով, որ վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ: Կար պայմանավորվածություն, որ այդ հատվածով անխափան երթևեկություն պետք է տեղի ունենա, որը պետք է երաշխավորվեր, այդ թվում՝ ռուսական սահմանապահ և համապատասխան ստորաբաժանումների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Ադրբեջանի կողմից նպատակային սադրիչ գործողություններ են»,- նշել է Աղաջանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, իր խոսքում Սյունիքի Գորիս- Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակած հատվածը ադրբեջանական անվանումներով էր ներկայացրել ՝ «Էյվազլի» և «Չաի Զամի», ինչը քննադատությունների ալիք է բարձրացրել: