Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց
ՀասարակությունԷկոնոմիկայի նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հենց հիմա քննարկում ենք մի խոշոր ներդրումային ծրագիր մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ, որի արդյունքում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց կստեղծվի: Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ-ից և Վրաստանից»,- ասաց Քերոբյանը:
Անդրադառնալով հեղուկ վառելիքի շուկայում գնաճին ՝ Քերոբյանն ասել է, որ դա շատ անհանգստացնող հարց է, և ամեն ինչ անում են, որպեսզի հեղուկ վառելիքի գները նվազեն:
«Հեղուկ վառելիքի շուկայի հետ կապված խնդրին ծանոթ եմ: Գիտեմ, որ որոշակի գների նվազեցում կա: Այսինքն` որոշ գազալցակայաններում արդեն գինը բավականին իջել է` 280 դրամից իջել է 240 դրամ: Բնականաբար, մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի հայկական ընկերություններին ծանոթացենք այնպիսի օտարերկրյա մատակարար ընկերությունների հետ, ովքեր կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներ»,- եզրափակեց Քերոբյանը: