Երգչուհի ՄաքՍիմին կրկին հիվանդանոց են տեղափոխել
ՄշակույթՌԴ էստրադային երգչուհի ՄաքՍիմը (Մարինա Մաքսիմովա), որը վարակվել էր կորոնավիրուսով, այսօր կրկին հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես հայտնում է Life.ru-ն, այս մասին տեղեկացրել է արտիստուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան:
«Այո, Մարինան այսօր կրկին կմեկնի հիվանդանոց»,- ասել է վերջինս: Սակայն, նրա խոսքով, անհանգստության պատճառ չկա:
Ինչպես մեկնաբանել է Սոկոլովան, բժիշկները հանելու են երգչուհու կարերը, որոնք մնացել են թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնելուց և արտամարմնային թաղանթի թթվածնացումից հետո:
Հիշեցնենք, որ ՄաքՍիմը հոսպիտալացվել էր հունիսի կեսերին Կազանում տեղի ունեցած համերգից հետո, որին նա ելույթ էր ունենում բարձր ջերմությամբ: Նրան արհեստական կոմայի մեջ էին գցել: Թոքերի ախտահարվածությունը կազմել էր 80 տոկոս: Օգոստոսի 3-ին հայտնի էր դարձել, որ երգչուհին սկսել է ինքնուրույն շնչել թթվածնային դիմակով: Մի քանի օր անց նրան դուրս էին գրել հիվանդանոցից: