Զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ:
Վերջինս ձերբակալվել է ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ 2021թ. օգոստոսի 19-ի, ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: