Երբ «սոված» զինվորներին «թալանչի» հրամանատարներն էին առաջնորդում, թշնամին արժանի հակահարված էր ստանում. Հասրաթյան
ՔաղաքականությունՆախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող «սոված» զինվորներին առաջնորդում էին «թալանչի» հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր իր արժանի հակահարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ տվյալ պաշտպանական հատվածի պահպանությունն իրականացնող միավորման կամ զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված մարտական որոշմամբ:
Այսօր, երբ Հայոց բանակում ծառայող «կուշտ» զինվորներին առաջնորդում են «ազնվագույն» հրամանատարները, Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը բռնազավթելուց հետո, հակառակորդն անարգել շարունակում է ծվատել Հայաստանի ինքնիշխան պետության սահմանները:
Իսկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարարը նման ճակատագրական իրավիճակում ոչ ավել, ոչ պակաս բավարարվում է հայտարարությամբ, ասելով՝ «մեր համբերությունը անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ...»:
Այս ամենից հետո ամենացավալին կայանում է նրանում, որ մեր հասարակության դյուրահավատ հատվածը դա ընկալում է որպես «կոշտ» նախազգուշացում: Այս ու՞ր ենք հասել»,- գրել է Հասրաթյանը: