«Տիտանիկի» թանգարանում «սառցաբեկոր» է փլուզվել. կան տուժածներ
ՄշակույթԱՄՆ Թենեսի նահանգում գտնվող «Տիտանիկի» թանգարանի պատը, որի վրա սառցաբեկոր է պատկերված, փլուզվել է: Ինչպես հաղորդում է թանգարանի ֆեյսբուքյան էջը, միջադեպի հետևանքով առնվազն երեք այցելու է տուժել:
«Այսօր Փիջն Ֆորջ քաղաքի մեր թանգարանում միջադեպ է տեղի ունեցել: Սառցաբեկոր-պատը փլուզվել է, հյուրերից երեքը տուժել են և հոսպիտալացվել»,- ասվում է մշակութային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Թանգարանը, որը նվիրված է 1912 թվականին խորտակված «Տիտանիկ» շոգենավին, բացվել է 2010 թվականին: Թանգարանի շենքը զբոսանավի փոքր չափսերով կրկնօրինակն է:
Թանգարանի հավաքածուն ավելի քան 400 իր է ներառում, որոնք գտնվել են հանրահայտ նավի վրա և պատկանել են «Տիտանիկի» ուղևորներին: