Հրշեջները մարել են Էրեբունու փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը. բնակիչները տարհանվել են
ՀասարակությունԵրևանի Էրեբունու փողոցում հինգհարկանի շենքի տանիքի հրդեհը մարվել է. փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են բնակիչների տարահանում, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են բնակիչների տարահանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։17-ին։