Ֆրանսիայում բացվել է Կաննի 74-րդ կինոփառատոնը
ՄշակույթՖրանսիայում երկու տարվա դադարից հետո բացվել է Կաննի միջազգային կինոփառատոնը: Հյուրերն ու մասնակիցները բարձրացել են փառատոնային պալատի աստիճանահարթակով՝ ուղևորվելով դեպի «Լյումեր» մրցութային դահլիճ, որպեսզի ներկա գտնվեն վարագույրի բարձացման արարողությանը:
«Կաննի 74-րդ փառատոնն սկսում է աշխատանքը»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է կինոդիտման նախագահ Պյեռ Լեսկյուրը: Վերջինս ընդգծել է Լազուր ափին նման խոշորագույն մշակութային իրադարձության անցկացման կարևորությունը, որը խափանվել էր կորոնավիրուսի համավարակի ստեղծած արտակարգ սանիտարական իրավիճակով պայմանավորված:
Կարմիր գորգով անցել են դերասանուհիներ Մարիոն Կոտիյարը, Ջոդի Ֆոսթերը և այլ հայտնի անձինք:
Փառատոնը բացվել է ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարաքսի «Անետ» (Annette) ֆիլմով: Ժապավենի հերոսներն են կատակերգու դերասանն ու նրա ընկերուհին, որը համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի է: Նրանց կյանքը ընդմիշտ վերափոխվում է դստեր՝ Անետի ծնունդով, որը յուրահատուկ շնորհ ունի: Գլխավոր դերերը մարմնավորել են Մարիոն Կոտիյարն ու Ադամ Դրայվերը: