«Արջի գլուխ». Լեոնարդո դա Վինչիի ստեղծած գծանկարը վաճառվել է ռեկորդային 12.2 մլն դոլարով
ՄշակույթԼեոնարդո դա Վինչիի ստեղծած գծանկարը, որն ստացել է «Արջի գլուխ» անվանումը, Christie's-ի աճուրդով վաճառվել է 8.86 մլն ֆունտ ստերլինգով (12,2 մլն դոլար): ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են աճուրդի տան տվյալները:
Փոքր պատկերը Վերածննդի դարաշրջանի վարպետը նկարել է սովորական սև մատիտով՝ վարդագույն-բեժ երանգ ունեցող թղթի վրա: Արջի գլուխը Լեոնարդոն պատկերել է այն տեխնիկայով, որը նրան սովորեցրել է Անդրեա դել Վերոկկիոն:
Աճուրդի տնից հայտնել են, որ խոսքը դա Վինչիի նկարի համար ռեկորդային գնի մասին է: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2001 թվականին՝ դարձյալ Christie's-ի աճուրդում: Այն ժամանակ 11.2 մլն դոլարով վաճառվել էր «Ձին և հեծյալը» ստեղծագործությունը: