Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին
ՄշակույթԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Մշտամրմունջ աղոթք եւ օրհնություն Ջիվան Գասպարյանի բարի հիշատակին
Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։
․․․Նա տասնյակ տարիներ Հայաստանի եւ արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր մշակույթի ճանաչման ու տարածման երախտարժան գործին:
Բարեհիշատակ Ջիվան Գասպարյանի կատարումները լայնորեն օգտագործվել են նաեւ համաշխարհային կինոարվեստի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած ֆիլմերում։ Դուդուկի մեծ վարպետը իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է հայրենական ու միջազգային բազմաթիվ պարգեւների ու մրցանակների, պետական բարձր կոչումների», - նշված է Հայոց Հայրապետի ցավակցական գրության մեջ։
Նորին Սրբությունը հայցել է, որ Ողորմածն Աստված երկնային Իր հանգրվաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հանգուցյալ իր ծառայի՝ Ջիվան Գասպարյանի լույս հոգին եւ արժանացնի երանավետ հանգստյան: