Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար
ՄշակույթԿարիերային նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր պարգև կհանձնվի ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի տնօրինությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ոսկե առյուծը» Քյորտիսին կհանձնվի «սեպտեմբերի 8-ին Կինոյի պալատում՝ ռեժիսոր Դևիդ Գորդոն Գրինի «Հելոուինը սպանում է» (Halloween Kills) ֆիլմի արտամրցութային ցուցադրությունից առաջ, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը, նշված է հայտարարության մեջ:
«Ջեյմի Լի Քյորտիսը պատկանում է հոլիվուդյան այն դերասանների և դերասանուհիների սակավաթիվ խմբին, որոնք ունակ են առավել համոզիչ մարմնավորվելու այն բոլոր հատկանիշները, որոնք ներկայացնում են համաշխարհային մեծ կինոյի ոգին»,- հայտարարել է աշխարհի հնագույն կինոստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:
Ապրիլին փառատոնի տնօրինությունը հայտարարել է, որ կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար նաև «Ոսկե առյուծ» կհանձնեն իտալացի դերասան և ռեժիսոր Ռոբերտո Բենինիին: