Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների. Վահե Հակոբյան
ՔաղաքականությունՑանկացած պահի պետք է պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների: Այս մասին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում հայտարարել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով` արտահերթ ընտրություններից ակնկալիքներն այլ էին, սակայն ստացված արդյունքներն` այլ, որոնք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։
«Իշխող ուժի կողմից օգտագործվել է ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը՝ վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչեւ զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից մինչեւ ուրիշի փոխարեն ընտրություն»,- հայտարարել է Հակոբյանը:
Նա խոստովանել` իրենք նույնպես ունեցել են թերացումներ. «Մեզանից շատերը ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակն արդեն մեր գրպանում է, ինչը չէր կարող չազդել արդյունավետության վրա»։
Հակոբյանը հայտարարել է, որ մեղավորների փնտրելու փոխարեն պետք է վերլուծեն իրենց սխալները՝ հետագայում դրանք բացառելու համար՝ ընդգծելով, որ որեւէ ՀՀ քաղաքացու հուսահատեցնելու իրավունք չունեն։
Ըստ նրա` ՀՀ ներկայիս իշխանություններն ունակ չեն կառավարել պետությունը։
«Նմանատիպ իրավիճակ տիրում է ամբողջ Հանրապետությունում, քանի որ ներկա իշխանություններն ուղղակի ունակ չեն կառավարել պետությունը։ Անտերության է մատնված անվտանգության հարցը։ ՀՀ տարածքում ամիսներ շարունակ գտնվում են հազարից ավել Ադրբեջանի զինծառայողներ»,-նշել է Վահե Հակոբյանը և հավելել, որ ճգնաժամը խորանալու է եւ պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրություններ։
Ավելին...