Այս տարի երբ է նշվելու Վարդավառը. հայտնի է օրը
ՀասարակությունՀայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:
Վարդավառ բառը տարբեր ստուգաբանություններ ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել:
Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը մեղմելու համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն ջրտուք անում դաշտերում: Այս տարի այն կնշվի հուլիսի 11-ին։
Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է: