Դեռեւս չենք փոխում մեր պլանները. մայիսի 4-ից էական ոլորտներ բացվելու են. Ավինյան
ՀասարակությունԴեռեւս չենք փոխում մեր պլանները, որովհետեւ, վարակվածների շրջանակը կոնկրետ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկվա ցուցանիշներով գրանցվել է կորոնավիրուսի վարակման 134 դեպք:
«Մենք ունեցել ենք նաեւ հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Դեռեւս կարծում եմ՝ նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը եւ անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,-ասաց Ավինյանը:
Նա հավելեց, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ. «Դեռեւս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճանքի ոլորտներում»: