Պետբյուջեի ծախսերը աճել են 16.3 տոկոսով. ԿԲ գնահատմամբ՝ ապահովվել է մակրոտնտեսական կայունություն
ՏնտեսությունՀայաստանում 2020-ի հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացության ներկայացմանը:
«Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա: 2020-ին հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5.4 տոկոսով, սակայն հարկային եկամուտների վերանայված ծրագրով նախատեսված ցուցանիշն ապահովվել է»,-ասաց Գալստյանը:
Բյուջեի պակասուրդը եղել է ավելի մեծ, քան կապիտալ ծախսերն են: Հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալիորեն ավելի ծավալների ներգրավմամբ: Պետբյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5.4 տոկոսի:
«2020-ի հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը, ինչը չափազանց կարևոր ձեռքբերում է՝ հաշվի առնելով տարվա մարտահրավերները և դրանց ազդեցության չափերը: Միևնույն ժամանակ հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես և ամբողջ աշխարհում, արագ արձագանքելով համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, իրականացվել է պարտքի զգալի ավելացման ճանապարհով՝ շեղվելով միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված ծրագրերից»,- ասաց Գալստյանը:
ԿԲ-ն խնդրահարույց է համարում օժանդակության միջոցառումների մասնակի և ամբողջ ծավալով իրականացումը: ԿԲ-ն առանցքային է համարում առաջիկա տարիներին հարկաբյուջետային կարգավորումների շարունակական իրականացման միջոցով միջնաժամկետ պարտքի կայունության նպատակի հստակ ամրագրումը, ինչպես նաև տնտեսության կայուն զարգացման հիմքերի ամրապնդումը: